Exodus 24

ArmenianEastern(i) 1 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ: Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից: 2 Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան: Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»: 3 Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները: Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կը կատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կ՚ենթարկուենք դրանց»: 4 Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները: Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի: 5 Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին: 6 Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ: 7 Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի: Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք, կ՚ենթարկուենք»: 8 Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի կատարէք նրա բոլոր պատգամները»: 9 Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան 10 եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը: Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ դա ջինջ երկնքի նմանութիւնն ունէր: 11 Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ: Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած: Եւ կերան ու խմեցին: 12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները: Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»: 13 Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը: 14 Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ: Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են: Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»: 15 Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը: 16 Տիրոջ փառքն իջաւ Սինա լերան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր: Տէրը եօթներորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից: 17 Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ, լերան գագաթը: 18 Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը: Մովսէսը լերան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր: