Genesis 30:1-21

ArmenianEastern(i) 1 Երբ Ռաքէլը տեսաւ, որ ինքը Յակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը եւ Յակոբին ասաց. «Ինձ զաւակներ պարգեւի՛ր, այլապէս կը մեռնեմ»: 2 Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»: 3 Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան: Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»: 4 Եւ նա իր աղախին Բալլային տուեց նրան կնութեան: Յակոբը մտաւ նրա ծոցը: 5 Յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար: 6 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»: Դրա համար էլ նրա անունը դրեց Դան: 7 Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար: 8 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ օգնեց, որովհետեւ ընդհարուեցի քրոջս հետ եւ յաղթեցի»: Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ: 9 Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր նաժիշտ Զելփային տուեց Յակոբին կնութեան: 10 Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի: 11 Նա ասաց. «Ես երջանիկ եմ»: Եւ նրա անունը դրեց Գադ: 12 Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար: 13 Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»: Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն: 14 Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային: Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»: 15 Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»: Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ: Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»: 16 Երբ երեկոյեան Յակոբը դաշտից վերադարձաւ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետեւ իմ որդու մանրագորների փոխարէն վարձել եմ քեզ»: Եւ նա գիշերը պառկեց նրա հետ: Աստուած անսաց Լիային: 17 Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի: 18 Լիան ասաց. «Աստուած տուեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տուեցի իմ ամուսնուն»: Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ: 19 Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի: 20 Լիան ասաց. «Աստուած ինձ լաւ նուէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի: Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն: 21 Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա: