Bible verses about "genesis" | ArmenianEastern

Genesis 20:1-18

1 Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում:2 Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է: Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային:3 Գիշերն Աստուած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետեւ այդ կինը ամուսին ունի»:4 Սակայն Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տէ՛ր, մի՞թէ դու կը սպանես բանից անտեղեակ ու արդար մարդկանց:5 Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»: Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»:6 Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան:7 Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կ՚անի քեզ համար, եւ դու կենդանի կը մնաս: Եթէ չվերադարձնես, իմացի՛ր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»:8 Աբիմելէքն առաւօտեան վաղ վեր կացաւ, կանչեց իր բոլոր ստրուկներին եւ նրանց պատմեց այս բոլոր բաները: Ամէնքը խիստ վախեցան:9 Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին: Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո դէմ, որ իմ ու իմ թագաւորութեան վրայ այդպիսի մեծամեծ մեղքեր բարդեցիր: Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր արել»:10 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ նման բան արեցիր»:11 Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով:12 Բայց նա, արդարեւ, իմ քոյրն է իմ հօր եւ ոչ թէ մօր կողմից, եւ դարձաւ իմ կինը:13 Երբ Աստուած ինձ հանեց իմ հօր տնից, ես կնոջս ասացի. «Այս արդար քայլն արա՛ ինձ համար. ուր էլ գնանք, իմ մասին կ՚ասես, թէ՝ իմ եղբայրն է»:14 Աբիմելէքն առաւ հազար սատեր, արջառ ու ոչխար, ստրուկներ ու ստրկուհիներ եւ տուեց Աբրահամին: Նրան վերադարձրեց նաեւ նրա կին Սառային:15 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ահա քո դիմաց փռուած է իմ երկիրը, ուր հաճելի է քեզ, այնտեղ էլ բնակուի՛ր»:16 Իսկ Սառային դիմելով՝ ասաց. «Ահա հազար սատեր եմ տալիս քո եղբօրը: Այն թող պատուի վկայութիւն լինի քեզ եւ քեզ հետ գտնուող բոլոր կանանց համար: Այսուհետեւ կը պատմես ամբողջ ճշմարտութիւնը»:17 Աբրահամն աղօթեց Աստծուն, որը բուժեց Աբիմելէքին, ինչպէս նաեւ նրա կնոջն ու նրա աղախիններին: Նրանք արդէն կարողանում էին երեխայ ունենալ:18 Մինչ այդ Տէրը Աբրահամի կին Սառայի պատճառով Աբիմելէքի ողջ տան կանանց զրկել էր երեխայ ունենալու կարողութիւնից:

Genesis 10:1-32

1 Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց:2 Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը:3 Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման:4 Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները:5 Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի:6 Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը:7 Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը:8 Քուշը ծնեց Նեբրոթին: Նա առաջին հսկան էր երկրի վրայ:9 Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»:10 Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում:11 Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը,12 ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր:13 Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,14 պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները:15 Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,16 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,17 խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին,18 արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին: Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը:19 Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա:20 Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի:21 Յաբէթի երէց եղբայրը՝ Սէմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նոյնպէս ծնեց որդիներ:22 Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը:23 Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը:24 Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին:25 Եբերը ծնեց երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, որովհետեւ նրա օրօք ցրուեցին մարդիկ, իսկ եղբօր անունը Յեկտան էր:26 Յեկտանը ծնեց Էլմոդադին, Սալէքին, Ասարմոդին, Յարաքին,27 Յոդորամին, Եզէլին, Դեկլային,28 Գեբաղին, Աբիմէէլին, Սաբէիին,29 Ուփիրին, Եւիլային ու Յոբաբին: Սրանք բոլորը Յեկտանի որդիներն են:30 Նրանք բնակութիւն հաստատեցին Մասէից մինչեւ Սոփերա, որ գտնւում էր արեւելեան լերան կողմը:31 Ահա սրանք են Սէմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրի ու տոհմերի:32 Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանութիւնն ըստ իրենց տոհմերի: Ջրհեղեղից յետոյ աշխարհով մէկ սփռուած ժողովուրդները սրանցից են առաջացել:

Genesis 20:1

1 Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում:

Genesis 50:20

20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ նկատմամբ բարի վարուեց, ինչպէս որ եղաւ այսօր, որովհետեւ մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի ես»:

Genesis 4:7

7 Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»:

Genesis 8:1-22

1 Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին: Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց:2 Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը:3 Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց:4 Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ:5 Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում: Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները:6 Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը:7 Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից:8 Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից:9 Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան:10 Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն:11 Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան: Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար: Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից:12 Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ:13 Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից: Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից:14 Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց:15 Տէր Աստուած Նոյին ասաց.16 «Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք,17 նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները: Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ: Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»:18 Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք:19 Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից:20 Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար: Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ:21 Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը: Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է: Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի:22 Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»:

Genesis 48:1-22

1 Այս դէպքերից յետոյ Յովսէփին յայտնեցին, թէ՝ «Քո հայր Յակոբը հիւանդ է»: Յովսէփը վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասէին ու Եփրեմին, եկաւ Յակոբի մօտ: Այդ մասին Յակոբին տեղեակ պահեցին՝ ասելով.2 «Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս»: Իսրայէլն ուժերը հաւաքեց ու նստեց անկողնում:3 Յակոբն ասաց Յովսէփին. «Իմ Աստուածն ինձ երեւաց Լուզում՝ Քանանացիների երկրում, օրհնեց ինձ4 ու ասաց. «Ահա ես կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ քեզ, բազում ազգերի նախահայր կը դարձնեմ: Այս երկիրը քեզ կը տամ իբրեւ յաւիտենական ժառանգութիւն»:5 Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են: Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,6 իսկ միւս զաւակները, որոնց ծնունդ կը տաս սրանցից յետոյ, թող քոնը լինեն: Նրանք իրենց ժառանգութիւնն ստանալու համար թող կոչուեն իրենց եղբայրների անուամբ:7 Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից ու մի ասպարէզի չափ մօտեցել էի Քաբրաթա երկրին, Քանանացիների երկրում մեռաւ քո մայր Ռաքէլը: Ես նրան թաղեցի ճանապարհին, Եփրաթա չհասած. դա Բեթղեհէմն է»:8 Երբ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»:9 Յովսէփը պատասխանեց հօրը. «Իմ որդիներն են, որոնց Աստուած պարգեւեց ինձ այստեղ»: Յակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մօտ, որ օրհնեմ նրանց»:10 Իսրայէլի աչքերը ծերութեան պատճառով տկարացել էին, նա լաւ չէր տեսնում: Յովսէփը նրանց մօտեցրեց նրան, Յակոբը համբուրեց նրանց ու իր գիրկն առաւ:11 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա ոչ միայն կարօտս առայ քեզնից, այլեւ Աստուած ինձ ցոյց տուեց նաեւ քո զաւակներին»:12 Յովսէփը նրանց վերցրեց նրա ծնկներից, եւ նրանք մինչեւ գետին խոնարհուեցին նրա առաջ: Յովսէփը առաւ իր երկու որդիներին՝13 Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայէլի ձախ կողմում, եւ Մանասէին իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայէլի աջ կողմում, ու մօտեցրեց նրան:14 Իսրայէլը մեկնելով իր աջ ձեռքը՝ դրեց Եփրեմի գլխին, որ կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասէի գլխին եւ փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասէն էր անդրանիկը:15 Օրհնեց նրանց եւ ասաց. «Աստուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր,16 Հրեշտակը, որ փրկեց ինձ ամէն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մէջ վերապրի իմ անունը եւ իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք օրհնեալ լինեն երկրի վրայ եւ շատ բազմանան»:17 Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան: Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին:18 Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը: Քո աջը դիր սրա՛ գլխին»:19 Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:20 Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:21 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ: Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը:22 Ես քեզ իբրեւ սեփականութիւն տալիս եմ իմ սրով ու աղեղով ամորհացիներից գրաւած Սիկիմը, որն աւելի մեծ է, քան քո եղբայրների բաժինը»:

Genesis 1:26-28

26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց:28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:

Genesis 1:1-31

1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:2 Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:3 Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ:4 Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:5 Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին:6 Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս:7 Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից:8 Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ:9 Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը:10 Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է:11 Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս.12 հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց: Աստուած տեսաւ, որ լաւ է:13 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ:14 Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները,15 թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս:16 Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր:17 Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար,18 ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է:19 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ:20 Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս:21 Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է:22 Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»:23 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ:24 Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս:25 Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են:26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց:28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:29 Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն,30 իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս:31 Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:

Topical data is from OpenBible.info, retrieved November 11, 2013, and licensed under a Creative Commons Attribution License.