Bible verses about "sunday" | ArmenianEastern

Genesis 1:1-31

1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:2 Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:3 Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ:4 Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:5 Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին:6 Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս:7 Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից:8 Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ:9 Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը:10 Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է:11 Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս.12 հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց: Աստուած տեսաւ, որ լաւ է:13 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ:14 Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները,15 թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս:16 Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր:17 Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար,18 ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է:19 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ:20 Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս:21 Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է:22 Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»:23 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ:24 Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս:25 Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են:26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց:28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:29 Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն,30 իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս:31 Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:

Exodus 20:8-11

8 Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն:9 Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը:10 Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը,11 որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ: Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց:

Luke 24:1-53

1 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք:2 Եւ քարը գերեզմանից գլորած գտան3 ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան:4 Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ:5 Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում:6 Այստեղ չէ, այլ՝ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր.7 ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»:8 Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը:9 Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին:10 Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին:11 Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց:12 Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:13 Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր:14 Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին:15 Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ:16 Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն:17 Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»:18 Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»:19 Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ,20 եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան:21 Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին:22 Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել23 եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է:24 Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան:25 Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները:26 Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»:27 Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում:28 Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ:29 Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու:30 Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տուեց նրանց:31 Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ:32 Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»:33 Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան Տասնմէկին եւ նրանց հետ եղածներին,34 որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարեաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»:35 Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէ՛ս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ:36 Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»:37 Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում:38 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում.39 տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք,

Luke 24:39-53

39 ես ունեմ»:40 Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը:41 Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»:42 Եւ նրանք տուին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ:43 Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց.44 «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»:45 Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը:46 Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը,47 եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած:48 Եւ այս բաների վկաներ էք դուք:49 Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»:50 Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց:51 Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում:52 Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ:53 Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն:

John 20:1-31

1 Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է:2 Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»:3 Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս:4 Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ:5 Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ:6 Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին,7 եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ մի կողմ էր:8 Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց.9 քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի:10 Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը:11 Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը12 եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել:13 Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետեւ իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»:14 Երբ այս ասաց, դէպի յետեւի կողմը դարձաւ եւ տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է:15 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»: Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»:16 Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ: Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ):17 Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:18 Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատմեց, թէ ինքը Տիրոջը տեսել է, եւ նա իրեն այս բաներն է ասել:19 Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»:20 Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը:21 Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»:22 Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին:23 Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»:24 Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ:25 Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»:26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ:27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»:28 Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ:29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»:30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն:31 Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:

Exodus 12:16

16 Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ:

Topical data is from OpenBible.info, retrieved November 11, 2013, and licensed under a Creative Commons Attribution License.