Armenian(i)
6 Ըսաւ անոնց. «Նետեցէ՛ք ուռկանը նաւուն աջ կողմը, ու պիտի գտնէք»: Ուրեմն նետեցին, եւ ձուկերուն շատութենէն՝ ա՛լ կարող չէին քաշել զայն: 7 Ուստի այն աշակերտը որ Յիսուս կը սիրէր՝ ըսաւ Պետրոսի. «Անիկա Տէ՛րն է»: Երբ Սիմոն Պետրոս լսեց թէ Տէրն է, վրան առաւ բաճկոնը՝ որովհետեւ մերկ էր, ու նետուեցաւ ծովը: 8 Իսկ միւս աշակերտները եկան նաւակով, (որովհետեւ ցամաքէն հեռու չէին, միայն երկու հարիւր կանգունի չափ,) եւ կը քաշէին ուռկանը՝ ձուկերով լեցուն: 9 Երբ ցամաք ելան՝ հոն տեսան վառուած կրակ մը, ու վրան դրուած ձուկ, եւ հաց: 10 Յիսուս ըսաւ անոնց. «Բերէ՛ք այդ ձուկերէն՝ որ բռնեցիք հիմա»: 11 Սիմոն Պետրոս նաւ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը՝ լի հարիւր յիսուներեք խոշոր ձուկերով. թէպէտ ա՛յդքան բան կար, ուռկանը չպատռեցաւ: