ArmenianEastern(i)
5 Դրանք կը ծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը: Դրանք կը խժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ թողել է կարկուտը, կը խժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրայ ձեզ համար: 6 Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կը լցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրայ իրենց ծնուած օրից մինչեւ այսօր»: Եւ Մովսէսը դուրս եկաւ փարաւոնի մօտից: 7 Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ: Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց տէր Աստծուն: Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»: 8 Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ: Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն: Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»: 9 Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»: 10 Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի: Տէրը ձեզ հետ: Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում: Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ: 11 Այդպէս չի լինի: Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»: Եւ նրանց վռնդեցին փարաւոնի մօտից: 12 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ եւ պիտի խժռեն երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել են կարկտից»: 13 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ: Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն 14 ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս: Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ: 15 Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց: Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից: Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ: 16 Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ: 17 Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»: 18 Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն: 19 Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտացիների ամբողջ երկրում մորեխ չմնաց: