ArmenianEastern(i)
13 Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց: 14 Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն: Կապիչները կ՚ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝ 14 նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»: 15 «Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից: 16 Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ: 17 Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով: Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք: 18 Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս: 19 Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ: 20 Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար: Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած: 21 Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի: Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը: 22 Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես: 23 Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ՚ամրացնես լանջապանակի երկու ծայրերին: 24 Երկու ոսկէ շղթաներ կ՚անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ: 25 Երկու շղթաների երկու ծայրերը կը մտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ՚անցկացնես վակասի ետեւի կողմը: 26 Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին: 27 Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ՚անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց: Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ: 28 Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ: 29 Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը: