Exodus 8:3-14

ArmenianEastern(i) 3 Գետի մէջ գորտեր կը վխտան, եւ դրանք, գետից դուրս գալով, կը մտնեն քո պալատները, քո սենեակների պահարանները, քո անկողինները, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի զանգուածների մէջ: 4 Գորտերը կը բարձրանան նաեւ քեզ վրայ, քո ժողովրդի ու քո պաշտօնեաների վրայ»: 5 Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. «Ձեռքիդ գաւազանը մեկնի՛ր գետի վրայ, ջրանցքների, ճահիճների վրայ եւ գորտեր դուրս բե՛ր Եգիպտացիների երկրի վրայ»: 6 Ահարոնն իր ձեռքը մեկնեց եգիպտացիների ջրերի վրայ ու գորտեր դուրս բերեց: Գորտերն ելան ու ծածկեցին Եգիպտացիների երկիրը: 7 Իրենց կախարդութիւններով նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտացիների երկրի վրայ: 8 Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Աղօթեցէ՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, որ ես արձակեմ ձեր ժողովրդին, նրանք գնան զոհ մատուցեն Տիրոջը»: 9 Մովսէսն ասաց փարաւոնին. «Ժամանակ սահմանի՛ր, թէ ե՛րբ աղօթեմ քեզ համար, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի համար, որպէսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մօտից ու ձեր տներից եւ մնան միայն գետում»: 10 Նա ասաց. «Վաղը»: Սա ասաց. «Թող ասածիդ պէս լինի, եւ դու կ՚իմանաս, որ մեր տէր Աստծուց բացի մի ուրիշ աստուած չկայ: 11 Գորտերը կը չքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մօտից եւ կը մնան միայն գետի մէջ»: 12 Մովսէսն ու Ահարոնը դուրս ելան փարաւոնի մօտից: Մովսէսն աղօթեց Տիրոջը, որպէսզի գորտերը հեռանան, ինչպէս որ խոստացել էր փարաւոնին: 13 Տէրն արեց այնպէս, ինչպէս որ խնդրել էր Մովսէսը: Գորտերը չքացան տներից, բակերից ու դաշտերից: 14 Դրանք հաւաքեցին կոյտ-կոյտ, եւ երկիրը լցուեց գարշահոտութեամբ: