Genesis 28:12-19

ArmenianEastern(i) 12 Նա երազ տեսաւ. երկրի վրայ հաստատուած էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով ելնում իջնում էին: 13 Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ: Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը: Մի՛ վախեցիր, որովհետեւ այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին: 14 Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ: Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը: 15 Ես ահա քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ քո բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես: Քեզ վերադարձնելու եմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ լքելու, մինչեւ որ չկատարեմ այն ամէնը, ինչ խոստացել եմ քեզ»: 16 Զարթնեց Յակոբն իր քնից ու ասաց. «Տէրն այստեղ է, իսկ ես չգիտէի»: 17 Նա վախեցաւ եւ ասաց. «Սարսռազդեցիկ է այս վայրը, եւ սա այլ բան չէ, եթէ ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»: 18 Առաւօտեան Յակոբը վեր կացաւ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, եւ այն կանգնեցրեց իբրեւ կոթող: Նա իւղով օծեց քարի գագաթը: 19 Յակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն. նախկինում այդ քաղաքի անունը Ուլմաւուս էր: