Genesis 48:14-20

ArmenianEastern(i) 14 Իսրայէլը մեկնելով իր աջ ձեռքը՝ դրեց Եփրեմի գլխին, որ կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասէի գլխին եւ փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասէն էր անդրանիկը: 15 Օրհնեց նրանց եւ ասաց. «Աստուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր, 16 Հրեշտակը, որ փրկեց ինձ ամէն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մէջ վերապրի իմ անունը եւ իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք օրհնեալ լինեն երկրի վրայ եւ շատ բազմանան»: 17 Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան: Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին: 18 Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը: Քո աջը դիր սրա՛ գլխին»: 19 Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»: 20 Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին: