ArmenianEastern(i)
40 Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն: 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:11 1 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում: 2 Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. 3 «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: 4 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. 5 կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը: 6 Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»: 7 Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ: 8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են: 9 Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, 10 որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»: 11 Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է: 12 Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, 13 քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը: 14 Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է: 15 Ով լսելու ականջ ունի, թող լսի: 16 Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. 17 ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք: 18 Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ: 19 Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից» : 20 Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին: 21 «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին: 22 Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար: 23 Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին: 24 Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»: 25 Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: 26 Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ: 27 Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել: 28 Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ: 29 Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30 որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:12 1 Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: 2 Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»: 3 Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին: 4 Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար: 5 Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են: 6 Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ: 7 Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. 8 ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»: 9 Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը: 10 Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: 11 Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն: 12 Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: 13 Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: 14 Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան: 15 Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց: 16 Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, 17 որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով. 18 19 20 21 22 Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: 23 Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»: 24 Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: 25 Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. 26 եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: 27 Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները: 28 Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ: 29 Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: 30 Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»: 31 «Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: 32 Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում: 33 Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում: 34 Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: 35 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: 36 Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37 որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»: 38 Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: 39 Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը. 40 որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: 41 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ: 42 Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»: 43 «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: 44 Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: 45 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»: 46 Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ: 47 Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»: 48 Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: 49 Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. 50 որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»:13 1 Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: 2 Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: 3 Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. 4 «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: 5 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6 երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: 8 Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն: 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի»: 10 Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»: 11 Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12 որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ: 13 Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում: 14 Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. 15 որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ: 16 Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: 17 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»: 18 «Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. 19 ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: 20 Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: 21 Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է: 22 Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: 23 Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»: 24 Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: 25 Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: 26 Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: 27 Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: 28 Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: 29 Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: 30 Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»: 31 Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ: 32 Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»: 33 Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 34 Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35 որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»: 36 Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: 37 Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38 իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39 եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են: 40 Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին: 41 Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: 42 Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում: 43 Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»: 44 «Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է: 45 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46 եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց: 47 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48 երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: 49 Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն 50 ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»: 51 Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: 52 Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»: 53 Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: 54 Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը: 55 Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա: 56 Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»: 57 Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»: 58 Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց:14 1 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2 «Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 3 Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: 5 Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7 ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: 8 Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 9 Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: 10 Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: 11 Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: 12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին: 13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: 14 Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին: 15 Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»: 16 Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: 17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: 18 Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: 19 Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: 21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին: 22 Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի: 23 Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: 24 Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: 25 Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ: 26 Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին: 27 Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 28 Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: 29 Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: 30 Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32 Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: 33 Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»: 34 Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում: 35 Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: 36 Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:15 1 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. 2 «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»: 3 Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. 4 քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը». 5 եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի: 6 Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով: 7 Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել. 8 «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. 9 զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»: 10 Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 11 ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»: 12 Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»: 13 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի: 14 Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»: 15 Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»: 16 Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17 չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: 18 Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, 19 քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: 20 Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»: 21 Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: 22 Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: 23 Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: 24 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: 25 Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: 27 Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: 28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց: 29 Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ: 30 Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31 այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն: 32 Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: 33 Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: 34 Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ: 35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: 36 Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: 37 Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: 38 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին: 39 Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:16 1 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: 2 Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 3 4 «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց: 5 Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: 6 Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: 7 Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: 8 Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: 9 Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 10 ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: 11 Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: 12 Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից: 13 Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»: 20 Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը: 21 Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի: 22 Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: 23 Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: 24 Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. 25 որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն: 26 Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 27 քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի: 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:17 1 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2 եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: 3 Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: 4 Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: 5 Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»: 6 Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: 7 Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»: 8 Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան: 9 Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»: 10 Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»: 11 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ. 12 բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»: 13 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց: 14 Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ: 15 Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»: 16 Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»: 17 Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց: 18 Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»: 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի: 20 Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»: 21 22 Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 23 ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին: 24 Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: 25 Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: 26 Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: 27 Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»:18 1 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: 2 Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ: 5 Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի: 6 Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: 7 Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը: 8 Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: 9 Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը: 10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»: 12 «Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»: 15 «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր: 16 Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ: 17 Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում: 19 Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20 որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»: 21 Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»: 22 Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»: 23 «Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել: 24 Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան: 25 Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել: 26 Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»: 27 Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց: 28 Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»: 29 Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»: 30 Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր: 31 Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր: 32 Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33 իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»: 34 Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը: 35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»:19 1 Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը: 2 Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց: 3 Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»: 4 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5 դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն: 6 Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: 7 Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»: 8 Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել: 9 Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»: 10 Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»: 11 Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12 որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձր»լ. ով կարող է տան»լ« թող տանի»: 13 Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին: 14 Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»: 15 Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց: 16 Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: 17 Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»: 18 Նա ասաց. «Որո՞նք»: Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, 19 քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»: 20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: 21 Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»: 22 Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր: 23 Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը: 24 Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»: 25 Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»: 26 Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»: 27 Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»: 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: 29 Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: 30 Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»:20 1 «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու: 2 Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին: 3 Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում: 4 Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»: 5 Նրանք եւս գնացին: Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց: 6 Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»: 7 Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»: Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»: 8 Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»: 9 Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ: 10 Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան: 11 Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12 «Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»: 13 Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14 ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ. 15 միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»: 16 Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»: 17 Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. 18 «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն 19 ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 20 Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում: 21 Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»: 22 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք: 23 Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»: 24 Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ: 25 Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: 26 Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27 եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28 ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»: 29 Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: 30 Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: 31 Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: 32 Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: 33 Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: 34 Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:21 1 Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. 2 «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ: 3 Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»: 4 Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. 5 «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»: 6 Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. 7 եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ: 8 Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: 9 Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»: 10 Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա: 11 Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: 12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: 14 Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: 15 Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16 եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: 17 Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց: 18 Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց: 19 Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ: 20 Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»: 21 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի: 22 Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»: 23 Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: 24 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 25 Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26 իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»: 27 Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»: 28 «Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»: 29 Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց: 30 Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին: 31 Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32 որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»: 33 «Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր: 34 Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: 35 Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: 36 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: 37 Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն: 38 Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք: 39 Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին: 40 Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»: 41 Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»: 42 Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է: 43 Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն: 44 Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»: 45 Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց: 46 Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան: