Exodus 29:12-19

ArmenianEastern(i) 12 Կը վերցնես զուարակի արիւնից քո մատով ու կը քսես զոհասեղանի եղջիւրաձեւ անկիւններին, իսկ մնացած ամբողջ արիւնը կը հեղես զոհասեղանի յատակին: 13 Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի վրայ: 14 Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս: Դա հէնց մեղքերի համար է: 15 Կ՚առնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին: 16 Կը մորթես խոյը եւ վերցնելով նրա արիւնը՝ կը հեղես զոհասեղանի շուրջը: 17 Խոյը կը բաժանես մասերի, ջրով կը լուանաս նրա փորոտիքն ու ոտքերը եւ դրանք նրա գլխի հետ կը դնես կտրտած մասերի վրայ: 18 Զոհասեղանի վրայ դրուած ամբողջ խոյը կը լինի Տիրոջն առաքուած անուշահոտ ողջակէզ: Դա Տիրոջը մատուցուած զոհն է: 19 Կ՚առնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին: