Genesis 19:17-30

ArmenianEastern(i) 17 Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում: Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»: 18 Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տէ՛ր, 19 թէեւ իմ անձին փրկութիւն պարգեւելով դու ողորմեցիր քո ծառային եւ նրա հանդէպ ցուցաբերեցիր քո մեծ արդարութիւնը, բայց ես չեմ կարող փախչել լեռը, որովհետեւ գուցէ ինձ էլ հասնի փորձանքը, եւ ես մեռնեմ: 20 Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել: Չէ՞ որ այն փոքր է: Քո շնորհիւ ես կը փրկուեմ»: 21 Տէրն ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ ու քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր: 22 Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետեւ ոչինչ անել չեմ կարող. մինչեւ որ դու այնտեղ հասնես»: Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգոր: 23 Արեւ ծագեց երկրի վրայ, եւ Ղովտը մտաւ Սեգոր: 24 Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ, 25 կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը: 26 Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան: 27 Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ, 28 նայեց սոդոմացիների ու գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը եւ տեսաւ, թէ ինչպէս երկրի բոցը բարձրանում է հնոցի ծխի պէս: 29 Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել: 30 Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում: Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը: Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում: