ArmenianEastern(i)
20 «Ահա երազատեսը գալիս է: Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել նրան»: Այն ժամանակ տեսնենք, թէ ի՞նչ կը լինեն նրա երազները»: 21 Երբ Ռուբէնը լսեց դա, նրանց ձեռքից փրկեց նրան. նա ասաց. «Չսպանենք նրան»: 22 Ռուբէնն աւելացրեց. «Չթափենք նրա արիւնը, այլ նետեցէ՛ք նրան այս անապատի հորերից մէկի մէջ: Ձեռք մի՛ տուէք նրան»: Դա ասում էր, որպէսզի նրան փրկի նրանց ձեռքից եւ հասցնի իր հօրը: 23 Երբ Յովսէփն եկաւ իր եղբայրների մօտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը 24 եւ նրան նետեցին հորի մէջ: Հորը դատարկ էր, մէջը ջուր չկար: 25 Նրանք նստեցին հաց ուտելու: Աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայէլացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը խնկերով, ռետինով ու խէժով բարձած, որպէսզի դրանք տանեն Եգիպտոս: 26 Յուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթէ սպանենք մեր եղբօրը եւ թաքցնենք նրա արիւնը: 27 Եկէք նրան վաճառենք իսմայէլացիներին, եւ մեր ձեռքը նրա արեամբ չպղծուի, որովհետեւ ի վերջոյ նա մեր եղբայրն է՝ նոյն միս ու արիւնից»: Եւ իր եղբայրները լսեցին նրան: 28 Այնտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ: Եղբայրները Յովսէփին քաշեցին-հանեցին հորից եւ քսան դահեկանով վաճառեցին իսմայէլացիներին: 29 Իսմայէլացիները Յովսէփին տարան Եգիպտոս: Ռուբէնը վերադարձաւ դէպի հորը եւ Յովսէփին հորի մէջ չգտաւ: 30 Նա պատառոտեց իր հագուստները, վերադարձաւ իր եղբայրների մօտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»: 31 Նրանք առան Յովսէփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արեան մէջ, 32 ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հօրն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է սա, թէ՞ ոչ»: 33 Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանը իմ որդունն է, վայրի գազան է կերել նրան, մի գազան է յօշոտել Յովսէփին»: 34 Եւ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մէջքին եւ երկար ժամանակ սուգ էր պահում իր որդու համար: 35 Հաւաքուեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարուել: Նա ասում էր. «Ես այս սգով էլ կ՚իջնեմ գերեզման՝ իմ որդու մօտ»: Եւ հայրը ողբաց նրան: