Genesis 45:14-28

ArmenianEastern(i) 14 Եւ նա փաթաթուեց իր եղբայր Բենիամինի պարանոցին ու լաց եղաւ. Բենիամինն էլ լաց եղաւ նրա պարանոցին փաթաթուած: 15 Յովսէփը համբուրեց նաեւ իր բոլոր եղբայրներին եւ գրկախառնուած լաց եղաւ: Դրանից յետոյ միայն իր եղբայրները խօսեցին նրա հետ: 16 Լուրը հասաւ փարաւոնի պալատ. ասացին. «Յովսէփի եղբայրներն են եկել»: Ուրախացան փարաւոնն ու նրա պաշտօնեաները: 17 Փարաւոնն ասաց Յովսէփին. «Քո եղբայրներին ասա՛՝ «Այսպէ՛ս արէք. լցրէ՛ք ձեր պարկերը, գնացէ՛ք Քանանացիների երկիրը 18 եւ, վերցնելով ձեր հօրն ու ձեր ունեցուածքը, եկէ՛ք ինձ մօտ: Ես ձեզ կը տամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, եւ դուք կը վայելէք երկրի սերուցքը»: 19 Դու այսպիսի կարգադրութիւն կ՚անես. «Եգիպտացիների երկրից առէ՛ք սայլեր ձեր մանուկների ու կանանց համար եւ ձեր հօրը վերցնելով՝ բերէ՛ք այստեղ: 20 Ձեր աչքերը թող ագահութեամբ չնայեն ձեր ունեցուածքի վրայ, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրի բարիքները ձերն են լինելու»: 21 Այդպէս էլ արեցին Իսրայէլի որդիները: Յովսէփը փարաւոն արքայի կարգադրութեան համաձայն՝ նրանց տուեց սայլեր ու ճանապարհի պաշար: 22 Նա բոլորին երկուական պատմուճան տուեց, իսկ Բենիամինին տուեց երեք հարիւր դահեկան եւ հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու: 23 Նոյնպէս եւ, հօրը տանելու համար, նա տուեց տասը էշի վրայ բեռնուած Եգիպտոսի բոլոր բարիքներից, պարէնով բեռնաւորուած տասը ջորի, նաեւ՝ հօր համար ճանապարհի պաշար: 24 Նա ճանապարհեց իր եղբայրներին, եւ սրանք գնացին: Նա նրանց ասաց. «Ճանապարհին չվիճէք»: 25 Նրանք Եգիպտոսից ելան-գնացին Քանանացիների երկիրը, իրենց հօր՝ Յակոբի մօտ: 26 Պատմեցին նրան եւ ասացին. «Քո որդի Յովսէփը կենդանի է, նա ողջ Եգիպտացիների երկրի իշխանն է»: Յակոբը զարմացաւ, որովհետեւ չէր հաւատում նրանց: 27 Նրանք իրենց հօրը հաղորդեցին այն ամէնը, ինչ ասել էր Յովսէփը: Նրանց հայր Յակոբը, տեսնելով այն սայլերը, որ Յովսէփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, վերակենդանացաւ: 28 Իսրայէլն ասաց. «Բաւ է ինձ, որ իրօք տակաւին կենդանի է իմ որդի Յովսէփը: Քանի ողջ եմ, գնամ տեսնեմ նրան»: