ArmenianEastern(i)
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Ես, ահա, Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի: 3 Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով, 4 որպէսզի նա մտածի ու ստեղծագործի, 5 որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն հանդիսացող ակնագործութեամբ, նաեւ ատաղձագործութեամբ, որ գործի դնի ամէն մի արհեստ: 6 Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին: Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրի շնորհ, որպէսզի անի այն, ինչ պատուիրել եմ քեզ, այսինքն՝ 7 պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը, 8 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը, 9 ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը, 10 ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու զգեստները, 11 օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները: Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կը պատրաստես»: