ArmenianEastern(i)
28 Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը: Այգաբաց էր: Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել: 29 Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»: 30 Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»: 31 Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրէ՛ք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէ՛ք»: Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32 (որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով էր ինքը մեռնելու): 33 Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: 34 Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ ուրիշներ իմ մասին քեզ ասացին»: 35 Պիղատոսը պատասխանեց. «Միթէ ես էլ հրեա՞յ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»: 36 Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնը այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կը մարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց, արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»: 37 Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու թագաւո՞ր ես»: Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ: Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է« իմ ձայնը լսում է»: 38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ, հրեաների մօտ, ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում: